ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Երեկ`մարտի 11–ի ուշ երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Իրենց իսկ բնակարանում դանակահարել են Անի թաղամասում գործող սրճարաններից մեկի սեփականատիրոջ որդուն ու հարսին։ Նրանց սկզբում տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն:
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։
«Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- ասեց դատախազը։
Նշենք, որ ամուսինը Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ ջլերի վնասմամբ։ Կնոջն ավելի ուշ տեղափոխել են մայրաքաղաք: