Արցախը շարունակելու է ունենալ զինված ուժեր․ Վիտալի Բալասանյան

ԱՀ ԱԽ քարտուղարը պնդում է, որ Հայաստանում ներքաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, ոչ թե ռազմական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետությունը շարունակելու է ունենալ զինված ուժեր։ Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, թե Արցախը չի ունենալու զինված ուժեր։ Արցախը ունեցել է, ունի և ունենալու է զինված ուժեր՝ ավելի մարտունակ, ավելի մոբիլ»,- շեշտել է Բալասանյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին։ Ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղը հնարավորությունների սահմանում ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու համար, որ Հայաստանում եղած խնդիրները լուծվեն ռազմական ճանապարհով։

ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Քոչարյան

«Ամեն ինչը պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով»,- շեշտել է ԱՀ ԱԽ քարտուղարը։

 Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ընդգծել է, որ Արցախը մնալու է հայկական սուբյեկտ։

«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության հետ ունենալու ենք մեկ միասնական «Արմենիա»»,- նշել է Բալասանյանը։

Նշենք, որ դեռևս հունվարին մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին շրջանառվում Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման մասին: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի ուշ ասել էր, որ իշխանությունները զբաղված են պայմանագրային հիմունքներով մասնագիտական զինվորական ստորաբաժանումների ձևավորման հարցով:

Այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հերքելով բանակի լուծարման մասին լուրերը։

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան