ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Ադրբեջանում ձերբակալել են բլոգեր Աթա Աբդուլաևին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը: Թե ինչում են նրան մեղադրում, դեռ հայտնի չէ։
Աբդուլաևը հայտնի է նրանով, որ 2019 թվականի նոյեմբերին Միլանում մտել է եկեղեցի, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ: Ադրբեջանցին սկսել է բղավել՝ կոչ անելով Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։ Նա նաև մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության» մեջ։
Երբ տղամարդուն փորձում էին եկեղեցուց դուրս հանել, իրարանցում էր առաջացել։
Փաշինյանը խնդրել էր թույլ տալ բլոգերին հանգիստ խոսել։ Այնուհետև վարչապետը մանրամասն, կետ առ կետ պատասխանել էր ադրբեջանցու մեղադրանքներին, որից հետո վերջինս հեռացել էր։
Ավելի ուշ տեղեկություններ էին շրջանառվում, որ Աբդուլաևը որոշ ժամանակ համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։