Անվտանգության խնդիրներն են քննարկել Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ–ում Չինաստանի դեսպանը

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-չինական միջպետական հարաբերությունները կստանան նոր որակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում:

«Քննարկվել են համատեղ գործունեության հետագա զարգացման ուղիները և նախատեսվող միջոցառումները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-չինական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ: