«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ` նպատակն ինքնին հասկանալի է, փորձելու են գտնել լուծում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տանում է իրավիճակի ավելի լարման, հետևաբար ցանկություն է առաջացել փորձարկել բանակցային այս հնարավորությունը, գտնել այնպիսի հանգուցալուծում, որը երկրում կբերի խաղաղ զարգացումներ։
«Բայց ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե կողմերը կգնա՞ն նախագահական նստավայր, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, և՛ գործող իշխանությունը, և՛ մյուսներն իրենց պաթոսով գործում էին էմոցիոնալ դաշտում, չէր հաջողվում երկխոսության միջոցով համաձայնության գալ այն մարտահրավերների շուրջ, որոնք ծառացել են մեր հանրապետության առջև։ Ես գիտակցում եմ էմոցիոնալ դաշտի գործոնը, բայց դրա հետ մեկտեղ բոլորս պետք է հասկանանք, որ պետք չէ այրել բոլոր կամուրջները, գիտակցենք, որ մեկ հայրենիք ունենք, բոլորս պայքարենք նրա համար, որտեղ խնդիրները պետք է միասնաբար լուծենք` սովորելով միասին ապրել»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Պողոսյանը ցավով արձանագրեց, որ գործող իշխանությունները երկիրը հասցրին կաթվածի և այս վիճակից անհրաժեշտ է գտնել ելքեր, ուստի պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն։ Նա հույս հայտնեց, որ նախորդ օրվա ցույցի տրամաբանությունը, էմոցիոնալ դաշտի խնդիրները ևս մեկ անգամ իմաստավորելու առիթ կլինի և ցանկություն կառաջանա ևս մեկ անգամ գնալ բանակցությունների։
«Մենք այսքանն ենք և պետք է կարողանանք Հայաստանը մոխիրների միջից մեր աշխատանքի շնորհիվ հանել, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վեր հառնենք Փյունիկի նման»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։
Պողոսյանի գնահատմամբ` իրավիճակի հանգուցալուծման առումով քաղաքական տարաձայնությունների հանգամանքը շատ խանգարող գործոն է, քանի որ այն կողմը, որը ժամանակին ստանձնել էր իշխանություն ձևավորելու պարտականություն, քաղաքական պատասխանատվության իր բաժինը չի կրում, պարզապես պետք է խաղաղ հեռանար, բացեր հնարավորությունների դուռը, որպեսզի բոոլորս միասին կարողանանք ստեղծված իրավիճակից դուրս գալ։
«Վարչապետն ու նախագահն իրենց «սև գործն» արեցին, հիմա էլ հանդիպում են խնդրում». Սաղաթելյան