ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնը` Facebook–ի իր էջում լուսանկարներ հրապարակելով։
«COVID-19 համաճարակը եղել է, կա և դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր մարդկության համար։ Համաճարակի դեմ պայքարը համալիր է, և մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ պետք է լինի պատվաստումը»,–գրված է լուսանկարներին կից։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 748–ով և դարձել 176 286։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V»-ն է լինելու։
Փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։
Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին, ապա այն արդեն սերիական արտադրության է հանվել։