Մանուկյանի քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ ինչ ցույցեր էլ իրենք անեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որոնք նա ունի։ Դա, ըստ նրա, ընդդիմության «պլան–Ա»–ն է։ Հետո կտրուկ ավելացրեց, որ միշտ ունեն պլան Բ–ն, որը կարող է լինել մեկ շաբաթ հետո։

Իշխան Սաղաթելյանն ապստամբության կոչ է անում

«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,– հայտարարեց Մանուկյանը։

Այդ հայտարարության արդյունքը եղավ այն, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մարտի 3–ին ծանուցագիր ստացավ, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իր դեմ։