ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իշխանության և ընդդիմության` նախագահի նախաձեռնած հանդիպման ձևաչափը դեռ հայտնի չէ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հաշվի առնելով, որ հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հանդիպման է հրավիրել նախագահական նստավայրում:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել:
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Գեղամ Մանուկյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ դեռ չեն որոշել` հանդիպմանը կմասնակցեն, թե ոչ։