ՌԱԴԻՈ

Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հնդկաստանի` «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի պլանները փոխելու և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին։
Sputnik
Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով

Հնդկաստանում որոշել են 180 աստիճանով փոխել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված պլանները։ Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ կապող միջանցքը նախապես որոշվել էր կառուցել Ադրբեջանի վրայով, այժմ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք ճանապարհահատվածը կներառի Հայաստանը։

Հայաստանն ու Իրանը քննարկում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի փոփոխությունները

Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով` արցախյան պատերազմի ընթացքում Պակիստանը հանդես եկավ հայտարարություններով` նշելով, որ կանգնած է Ադրբեջանի Հանրապետության կողքին, նաև ահաբեկիչներ ու զինյալ գրոհային խմբեր ուղարկեց։ Դա չի բխում Հնդկաստանի տարածաշրջանային շահերից, քանի որ Պակիստանի հետ հարաբերությունները թշնամական են։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի պլանները փոխելով` Հնդկաստանը փորձում է չեզոքացնել Պակիստանին և սահմանափակել Պակիստանի հնարավորությունները։

«Իրանի հյուսիսում գտնվող Չափահար նավահանգիստը մրցակցության մեջ է պակիստանյան մեկ այլ նավահանգստի հետ և Պակիստանի այդ շրջանի ծովափնյա բնակավայրերի հետ»,- ասաց նա։

Ահարոնյանի դիտարկմամբ` այս հարցում Հնդկաստանի և Իրանի շահերը հանընկնում են։ Թերևս դա է պատճառը, որ սենսացիոն տեղեկությունը տարածվեց իրանական ԶԼՄ-ների միջոցով։

«Իրանն էլ Հնդկաստանի հետ միասին փորձում է «Հյուսիս-հարավ» ճանապարհն ապահովել Հայաստանի վրայով և ոչ թե Ադրբեջանի, թեպետ խոսվում է, որ Իրանը չեզոք հարաբերություններ է պահպանում հարևանների հետ, բայց իրանական  հռետորաբանության մեջ մենք այլ բան ենք տեսնում, գործողությունների, քայլերի մակարդակում` բոլորովին այլ»,- նշեց Ահարոնյանը։

Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին

Նրա կարծիքով` Իրանին ձեռնտու չէ ուժեղ Ադրբեջան, որովհետև դա նշանակում է` ուժեղ Թուրքիա և ուժեղ Պակիստան, որոնք էլ իրենց հերթին լրջագույն վտանգ են ներկայացնում Իրանի համար։

Նշենք, որ իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook –ի իր էջում գրել էր, որ ըստ իրանական լրատվամիջոցներից մեկի՝ Հնդկաստանն Իրանում իր դեսպանի շուրթերով հայտարարել է, որ իրանական Չաբահար նավահանգստի միջոցով ստեղծվելիք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում, որը պետք է կապի Եվրասիան և Սկանդինավիան Հնդկական օվկիանոսի հետ, պատրաստվում է ներառել Հայաստանը։