«Իմ քայլը» նույնպես ընդունել է ՀՀ նախագահի հրավերը. Մակունց

Արմեն Սարգսյանը հանդիպման է հրավիրել ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»`հղում անելով խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,-ասել է Մակունցը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հանդիպման է հրավիրել նախագահական նստավայրում: 

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել:

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Գեղամ Մանուկյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ դեռ չեն որոշել` հանդիպմանը կմասնակցեն, թե ոչ։