ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջիկայում նախագահ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ կուղարկի նախագահական: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին վարչապետի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ, երբ պաշտոնապես հայտարարեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից, Արմեն Սարգսյանին առաջարկեց ԶՈւ ԳՇ պետ նշանակել Արտակ Դավթյանին, որը ժամանակին զբաղեցրել է այդ պաշտոնը։
Սակայն ՀՀ նախագահի աշխատակազմից այսօր հայտնեցին, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վարչապետին է վերադարձրել Արտակ Դավթյանի նշանակման առաջարկությունը:
Նշենք, որ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի հայտարարությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին։