Հայ գերիների վերադարձի ձգձգում. ՀՀ ՄԻՊ–ի տեսաուղերձը` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

Նշվում է, որ նման տեսաուղերձի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում  հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը:

Մտածեցի, որ ադրբեջանցիները մեզ ողջ–ողջ այրելու են. Մարալը պատմել է` ինչպես են գերի ընկել

«Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում են ադրբեջանական պաշտոնական ելույթներում: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տեսաուղերձում ու գրավոր զեկույցում հատուկ  շեշտվում է  ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին, չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք նրանց ընտանիքներին ու էմոցիոնալ խորը ցավ հայաստանյան հասարակությանը:

ԱՀ նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչների հետ քննարկել է գերիների իրավունքների խախտումները

Նշենք, որ այս նիստը նվիրված է եղել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: