Էստոնիայի նախագահը զանգել է Արմեն Սարգսյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ

Էստոնիայի ղեկավարի հետ զրույցում Արմեն Սարգսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ էստոնական կողմի նախաձեռնությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Էստոնիայի նախագահը հետաքրքրվել է նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակով և լիարժեք ապաքինում մաղթել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սարգսյանը և Կալյուլայդը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ, ինչպես նաև խոսել են երկու երկրներում համավարակային իրավիճակի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հետ է ուղարկում նախագահի առարկությունները

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված իրողություններին, ի հայտ եկած նոր մարտահրավերներին, մարդասիրական և մի շարք այլ խնդիրների:

Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման խնդիրները՝ ընդգծելով, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցերի լուծման գործում:

ՀՀ նախագահն իր իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական և հետպատերազմական շրջանում Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։ 

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

Կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Սարգսյանը Երևան վերադարձավ փետրվարին։