Դավթյանի նշանակվելը տապանաքար կդնի Քոչարյանի պլանների վրա. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ մատակարարումների դաշտ մտնելու ծրագրեր ուներ, ինչը չի կարող իրականացնել Արտակ Դավթյանի պաշտոնավարման դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակվի Արտակ Դավթյանը, իսկ այդ նշանակումը մի նրբերանգ ունի։ Հրապարակ օրաթերթը գրում է՝ նրա ԳՇ պետ աշխատած շրջանում զենք-զինամթերք ձեռք բերելու գործարքների շուրջ քրեական գործ կա հարուցված, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) կալանավորված է։

Դավթյանը՝ Գասպարյանի փոխարեն․ Փաշինյանի ինչի՞ն է պետք ԳՇ հին-նոր պետը

«Եթե այդ գործարքներն անօրինական են, վատ զենք է մատակարարվել, ապա պետք է մեղադրանք առաջադրվի առաջին հերթին ԳՇ պետին, ապա մատակարարին, ուստի Դավիթ Գալստյանին բռնելը, իսկ Արտակ Դավթյանին նման բարձր պաշտոնի նշանակելն անհամատեղելի են։ Մյուս կողմից՝ Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Անդրանիկ Քոչարյանի պլանների վրա մի մեծ տապանաքար է դնում»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` վերջինս ՊՆ մատակարարումների դաշտ մտնելու ծրագրեր ուներ, որը կարող էր իրականացնել Վաղարշակ Հարությունյանի, բայց ոչ Դավթյանի պաշտոնավարման դեպքում։

Թերթը հիշեցնում է, որ վերջինս իր հարցազրույցներից մեկում ուղիղ տեքստով ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք՝ փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։

«Ի դեպ, Արտակ Դավթյանը պատերազմի օրերին ազատվեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, իշխանական քարոզչամեքենան դա ներկայացնում էր որպես թույլ տված ձախողումների հետանք»,– եզրափակում է հոդվածագիրը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը երեկ միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։ 

Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 3 օր ժամանակ ունի

Դավթյանն արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։ Նա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։ Այդ պաշտոնից ազատվել է կորոնավիրուսի ժամանակ որդու հարսանիքը կազմակերպելու համար։

2021թ. մարտի 9-ին Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

«Արտակ Դավթյանը նշանակվում է, որ բանակը մինչև վերջ քանդի». Մովսես Հակոբյան