Աջափնյակի վթարային շենքի բնակիչներին բնակարաններ կտան նորակառույց շենքում

Որպեսզի վթարային շենքի բնակիչները մինչ նոր շենքի կառուցումը չմնան դրսում, կառուցապատողը նրանց բնակարաններով կապահովի արդեն կառուցված շենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում կայացրած որոշմամբ համաձայնություն տվեց Երևանի Աջափնյակ թաղամասում գտնվող շուրջ 28 000 քմ մակերեսով հողամասը «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ–ին վաճառելու` Երևանի քաղաքապետարանի առաջարկությանը։

«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Ինչպես նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ընկերությունը մտադիր է այդ հողամասում շինարարական սոցիալական ներդրումային ծրագիր իրականացնել։

«Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Շինարարների փողոցի 23/1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքից շուրջ 2000 ք/մ մակերեսով տարածք տրամադրել Շինարարների փողոցի 23 հասցեի վթարային շենքի բնակիչներին»,– ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով` նորակառույցն ունենալու է 18 վերգետնյա ու 2 ստորգետնյա հարկեր` 94 բնակարանով ու 22 ավտոկայանատեղիով։

«Երկրորդ փուլում արդեն նախատեսվում է ապամոնտաժել Շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող վթարային շենքը և տեղում կառուցել 16 400 քմ մակերեսով բազմաբնակարան շենք` 18 վերգետնյա ու 2 ստորգետնյա հարկերով»,– ասաց Պապիկյանը։

Նա նաև հայտնեց, որ կառուցապատողի ու վթարայինի բնակիչների իրավահարաբերությունները թողնվում են նրանց հայեցողությանը։ Բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ ինչպես նոր բնակարանը, այնպես էլ դրա գումարը և այլ տեղ բնակարան գնել։

Իսկ որպեսզի բնակիչները մինչ նոր շենքի կառուցումը չմնան դրսում, կառուցապատողը նրանց բնակարաններով կապահովի կառուցված առաջին շենքում, որից հետո միայն կքանդի վթարային շենքը։

ՀՀ–ում մահճակալների թիվն անսպառ չէ. նախարարը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը

Նախարարը շեշտեց, որ այս ծրագիրը կարող է որոշ չափով լուծել Երևանի բնակֆոնդի նորացման հարցը, ինչպես նաև լավ նախադեպ դառնա Աջափնյակի հին շենքերի վերակառուցման համար։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հայտնեց, որ Հայաստանում վթարային շենքերի թիվը գերազանցում է 600–ը, որից 95-ը 4–րդ կարգի են (հիմնականում Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում)։

Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը, ԱԱՀ–ն տնտեսվարողներին կվերադարձվի ամեն ամիս