Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք

Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը

«Ցանկանում ենք նշել, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայկական ծագմամբ կանայք չկան։ Պատերազմի ընթացքում ձերբակալված 5 կանանցից մեծ մասն ազատ է արձակվել ռազմական գործողությունների ընթացքում», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Նրա խոսքով`Մարալն անձամբ նախընտրել է վերադառնալ ոչ թե Հայաստան, այլ Լիբանան։ Հարկ է նաև նշել, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում չի հաջողվել նրան ուղարկել Ռուսաստանի տարածքով, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է։ Այդ պատճառով Նաջարյանը Թուրքիայով է մեկնել Լիբանան։

Հիշեցնենք`այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով բեյրութահայ Մարալ Նաջարյանի վերադարձի լուրը, հայտնեց, որ Ադրբեջանում ենթադրաբար դեռ 3 հայ կին գերի կա։

Զոհրաբյանը նշեց, որ նրանցից մեկը` Սիլվան, հաստատված է, մյուսների դեպքում դեռ չկա հաստատում, բայց ենթադրյալ գերիները մայր ու դուստր են։ Ինչպես նաև հայկական կողմն ունի մեծ թվով ռազմագերիներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: