Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Հայրապետյաններին. տեսանյութ

Սկանդալային տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է` ինչպես է վարչապետի խորհրդականը Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու դեմ հարուցված քրգործով ցուցումներ տալիս։ Հայրապետյանի պաշտպանն արձագանքել է տեսանյութին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik.168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր են ստացվել, որոնցում երևում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը։

Վարդապետյանն ուղղումներ է անում քրգործերի նյութերի մեջ և հրահանգավորում հիմնական դերակատարներին։

«Փաստեր են հրապարակված, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների։ Մասնավորապես, Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասով»,–նշված է կայքում։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Վարդապետյանին է փոխանցում բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ։
Ի դեպ, տեսանյութերն ուղարկված են նաև տելեգրամային մի շարք ալիքների:

Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ դեպքի առնչությամբ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացնելու գլխավոր դատախազություն։

Նա նաև հավելել է, որ տեսանյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո կհրավիրի մամուլի ասուլիս:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն):

Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

Նրան մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով:

Հայրապետյանի հանդեպ հետախուզում էր հայտարարվել։

Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, որին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է։

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան