Պատգամավորը բացատրել է` ինչու ՍԴ դիմելը չի փոխի ԳՇ պետի ազատման գործընթացը

Իշխող խմբակցության անդամի խոսքով՝ Սահմանադրական դատարանում օրենքի բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Facebook–ի իր էջում գրել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել։

Օնիկ Գասպարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան

«ՀՀ նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին հրամանագրի նախագիծը ՀՀ նախագահը ՍԴ չի ուղարկել, ըստ այդմ, Սահմանադրության 139 հոդվածի 3-րդ մասի հիման վրա համապատասխան հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտել, և վերջ»,– գրել է Հովակիմյանը:

Նա նշել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը գործում է ողջ ծավալով, և օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել:

«Իհարկե, ՍԴ -ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակուում չստեղծվի»,– ավելացրել է պատգամավորը։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանի մասին տեղեկությունը կեղծիք է և մանիպուլյացիա. ԳՇ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: