Իշխան Սաղաթելյանն ապստամբության կոչ է անում

Հայրենիքի փրկության շարժման համակարգողը նշեց` չի վախենում, որ իր հայտարարությունների համար կարող է իր դեմ քրգործ հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Եթե վարչապետի աթոռին հայտնված անձը շարունակաբար ոտնահարում է երկրի Սահմանադրությունը, ժողովրդի բնական իրավունքն է` ապստամբել այդ կառավարության դեմ։ Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Պաղպաղա՞կ, թե՞ աղբ, ՀՀ նախագահի նստավայրի մոտից 6 անձ բերման է ենթարկվել

Լրագրողները հիշեցրին` նման կոչերի համար շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց, ինչին ի պատասխան Սաղաթելյանը նշեց.

«Մենք հայրենիք ենք կորցնում, դուք քրեական գործո՞վ եք վախեցնում»։

Սաղաթելյանը նշեց, որ արդեն իսկ 4 քրգործ կա իր դեմ հարուցված, ևս մեկը ոչինչ չի փոխելու։

«Իրավաբանները թող գնան, Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հայրենիքը ծախելու և դավաճանելու համար»,–ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ էր հարուցվել դեռ մարտի 3-ին` իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Մարտի 9-ին նույն` ՀՀ քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածով, նրան կրկին մեղադրանք առաջադրվեց։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

ՀՀ նախագահն իր գործունեությամբ ընդդիմությանը դրդում է ավելի ակտիվ գործելու. քաղտեխնոլոգ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: