Արմեն Քթոյանի դիտարկմամբ` կապը նավթի համաշխարհային գների բարձրացման ու Հայաստանում բենզինի գնի աճի միջև ուղղակի ակնառու է և պետք է հաշվի առնել, որ այժմ նավթի գինը երկարատև անկումից հետո կայուն աճի միտումներ է ցուցաբերում, ինչը չէր կարող չանդրադառնալ բենզինի գների վրա, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։
«Եթե դիտարկենք վերջին ժամանակահատվածի համար, ապա նավթը գտնվում է իր ամենաբարձր գնային տիրույթում և ինչ–որ առումով սա եթե համեմատենք 2019–20 թվականների հետ, ապա էական տարբերություն կա։ Մյուս կողմից էլ` նավթի գնաճը սպասելի էր ու համավարակով պայմանավորված` երկարատև ցածր պահանջարկից հետո տեղի է ունենում պահանջարկի աճ։ Այն երկրները, որոնց բաժին է ընկնում արտահանման հիմնական մասնաբաժինը, հետզհետե վերադառնում են նախկին արտադրական ռիթմին»,– նշեց տնտեսագետը։
Քթոյանի կարծիքով`նավթամթերքի գլխավոր պահանջարկ ներկայացնող սեգմենտներից մեկը` ավիափոխադրումները, որոնք գրեթե զրոյական վիճակում էին մի քանի ամիս շարունակ, ցույց են տալիս վերականգնման որոշակի նշաններ, ինչը նույնպես անդրադառնում է պահանջարկի վրա։ Ըստ նրա`տեղին չէ պնդել, որ բացի նավթի համաշխարհային գներից, մեր շուկայում բենզինի թանկացման վրա ազդում են այլ գործոններ, որովհետև տնտեսագետի համոզմամբ` պարզապես չկան նման երևույթն ապացուցող տվյալներ, վերլուծություններ, և դա ցույց են տալիս նաև ՏՄՊՊՀ–ի հաշվետվությունները։
Տնտեսագետի գնահատմամբ` Իրանից ներկրվող համեմատաբար էժան բենզինն ու ԵԱՏՄ նավթամթերքի շուկայում ընդհանուր գնագոյացման քաղաքականության մշակումն ու կիրառումը թեև կարող են ազդել բենզինի գնի իջեցման վրա, սակայն այստեղ շուկա մտնելու սահմանափակումները նշանակալի են։
Ըստ նրա` չնայած տարբեր աղբյուրներից մատակարարվող խմբաքանակներին, դրական միտումներն ավելի ակնառու կլինեն նավթի համաշխարհային գների նվազման պարագայում։
Քթոյանի դիտարկմամբ` ներհայաստանյան շուկայում ստվերային մեխանիզմներ կարող են լինել, եթե կա բիզնեսի և պետական կառույցների սերտաճում, նման դրսևորումներ կարող են լինել, օրինակ, ՏՄՊՊ հանձնաժողովի լուռ համաձայնության դեպքում, սակայն տնտեսագետը չի կարծում, որ այսօր կան նման մեխանիզմներ, երևույթներ։
Քթոյանի դիտարկմամբ` հայաստանյան բենզինի շուկան հեռու է իդեալական լինելուց, սակայն այսօր ավելի մրցակցային է, քան մի քանի տարի առաջ։
ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը