ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա մայիսին Տաջիկստանում: Այդ մասին խոսվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի՝ Նուր–Սուլթանում կայացած հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ և կազմակերպության գործունեության բոլոր առանցքային ուղղությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ քննարկել:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ նոր ինստիտուտ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի կարգավիճակում Խաղաղապահության հարցերով հատուկ ներկայացուցչի) հիմնելու նախաձեռնությունը։
Նախարարն ընդունել է այս տարվա մայիսին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու հրավերը:
Կողմերը նշել են, որ պատրաստ են համագործակցել կազմակերպության հետագա ամրապնդման ուղղությամբ:
Նշենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Այժմ ՀԱՊԿ-ում նախագահում Է Տաջիկստանը: