ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը

Մինչև ԶՈւ գլխավոր շտաբը նոր ղեկավար կունենա, արդեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի` ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին»,– ասված էր ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

Ստեփան Գալստյանը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել 2009թ.-ի հունվարի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար, բայց նախագահը դեռ չի ստորագրել հրամանագիրը։