«Ես մի քիչ ուրիշ ձև ինձ կպահեի». Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանի` դատարան դիմելու մասին

Վազգեն Մանուկյանը նշեց, որ իրենց համար երկրորդական հարց է նախագահի հրաժարականը պահանջել, քանի որ վարչապետին ծառայողների թիվը մեծ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին թվում էր` եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, ամեն ինչ նորմալ կլինի, սակայն այդպես չէ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով Գասպարյանի աշխատանքից ազատմանը։

«Բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Փաշինյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը։ Սակայն ի սկզբանե բանակը հայտարարել էր, որ գործողություններ չէր անելու»,–ասաց Մանուկյանը։

Փաշինյանը հանդիպել է ԶՈւ հրամկազմի հետ. տեսանյութ

Հարցին, թե հիասթափվա՞ծ է Օնիկ Գասպարյանից` Մանուկյանը պատասխանեց, որ ինքն անձամբ մի քիչ ուրիշ ձև իրեն կպահեր։ Սակայն Մանուկյանը հավելեց` Օնիկ Գասպարյանը զինվորական է։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի` այսօր արած հայտարարությանը, թե շարունակելու է հայրենիքին ծառայությունը, սակայն այլ կարգավիճակով` Մանուկյանը նշեց, որ տեղյակ չէ` ինչ նկատի ունի արդեն իսկ ԳՇ պետը։

«Օնիկ Գասպարյանին ազատելու ամենավճռական քայլն արեց նախագահը, և հետագայի համար հենց նա է պատասխանատու։ Կարծում եմ` ճնշումներ եղել են նախագահի վրա, սակայն ո՞ւմ է պետք նախագահը, եթե նրա վրա ազդում են այդ ճնշումները։ Ինձ հետ հանդիպումից հետո, օրինակ, ես կարծում էի, որ նա չի ստորագրի Գասպարյանի հեռացման հրամանը։ Ինձ համար հասկանալի չէ` ինչու նախագահը ՍԴ չդիմեց»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է նախագահի հրաժարականի պահանջն առաջ քաշվի` Մանուկյանը պատասխանեց, որ դա երկրորդական հարց է, քանի որ Նիկոլ Փաշինյանին ծառայողներ շատ կան։ Մանուկյանը հավելեց` իրենց նպատակը շարունակում է մնալ նույնը` վարչապետի հրաժարականին հասնելը։

Լրագրողները հարցրին, թե ի՞նչ է կարծում` արդյո՞ք Օնիկ Գասպարյանի վրա ճնշումներ են եղել, Մանուկյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Գասպարյանի վրա ճնշումների միջոցով հնարավոր է ինչ–որ բանի հասնել։ Նա հավելեց նաև, որ եթե լիներ զինվորականների փոխարեն` կձերբակալեր վարչապետին։

ԳՇ պետը շարունակում է պաշտոնավարել. Փաստաբանների պալատի նախագահը բացատրել է, թե ինչպես

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք` հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով