ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ՀՀ տեսչական մարմինները երևանյան ուղևորատար տրանսպորտում սանիտարական ռեժիմի համատեղ ստուգումներ են իրականացրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց առողջապահական պետական տեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմինե Մինասյանը։
Նա հավելեց, որ տեսչությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում տրոլեյբուսներում, մետրոյում, ավտոբուսներում և երթուղայիններում, ստուգում են` վարորդներն ու ուղևորները դիմակներով են, թե ոչ, առկա են արդյոք ձեռքերի ախտահանման համար նախատեսված ալկոգելերը։
Այժմ այդ ստուգումներն իրականացնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու ճանապարհային ոստիկանության մասնակցությամբ։ Համատեղ մոնիտորինգը շարունակական կլինի, ինչպես կարանտինի առաջին ամիսներին։
«Ստուգումներ միշտ ենք անցկացրել, բայց հիմա դրանք ավելի ինտենսիվ բնույթ կունենան », - շեշտեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտնեց, որ վերջին ամիսներին քաղաքացիները սկսել են քիչ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցներին, և կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է գրանցվել։ «Եթե փետրվարի սկզբին մենք ունեինք թեստավորվածների մեջ 5-6 տոկոսի դրական դեպքեր, ապա այսօր արդեն` 16, և հաջորդ շաբաթ, մեր կանխատեսմամբ, այս թիվը կավելանա։ Ի՞նչ պիտի անենք։ Պիտի վերադառնանք դիմակների և կանխարգելիչ այլ խիստ միջոցառումների խիստ պահպանմանը»,– ասաց նա։
Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այժմ երկրում կարանտին է, որը կտևի մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը։ Դիմակ դնելը պարտադիր է։
ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է