ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նախկինում այդ պաշտոնին էր նշանակվել բանակը քանդելու համար և հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի այն։ ArmDaily.am-ի հետ զրույցում է Հակոբյանը նման կարծիք հայտնել` անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդությանը։
Հայտնել էինք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։
Հարցին, թե վարչապետը տեղյա՞կ չէ Արտակ Դավթյանի «մտադրություն» մասին` Մովսես Հակոբյանը պատասխանել է` իհարկե, տեղյակ է` նույն պլանով են գործում։
«Նրանք ըստ պլանի են գործում և տանում են ոչ միայն բանակի, այլև պետության կազմաքանդման։ Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է»,–ասել է Հակոբյանը` հավելելով, որ այս ամենից հետո կանխատեսում է, որ պետությունը կկործանվի։
Զինված ուժերի ղեկավար կազմը միացել է Օնիկ Գասպարյանի ուղերձին
Հիշեցնենք, որ ԳՇ–ի` աշխատանքից ազատված պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել և ասել, որ իր ազատման առնչությամբ դիմելու է Վարչական դատարան։ Նա նաև հավելել էր, որ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին` շարունակելու է այլ կարգավիճակով։