Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում Երևանում. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին հորդորեց աշխատավայր գնալու փոխարեն բողոքի ակցիայի գնալ։ Նա խոսեց մարտի 10-ի ծրագրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ իշխանությունը բոլոր մարզերից ոստիկանական լրացուցիչ ուժեր է բերում Երևան։

Նա ոստիկանապետ Վահե Ղազարյանին և բոլոր իրավապահներին հորդորեց սադրանքների չգնալ, քանի որ ցանկացած գործողության ողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա։

Սաղաթելյանը միաժամանակ նշեց, որ ցուցարարները գիշերը կանցկացնեն խորհրդարանի շենքի մուտքի մոտ։

Նշենք, որ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը շարունակում են փակ մնալ, իսկ խորհրդարանի շենքը՝ շրջափակված։

«Մենք չենք նահանջի և չենք հոգնի։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները պետք է պահել։ Սա կոնկրետ գործողություն է։ Մենք խորհրդարանի շենքում նստած մարդկանց հակապետական տարրեր ենք հայտարարել։ Նիկոլ Փաշինյանն այդ շենք կմտնի միայն հրաժարականի դիմումի տեքստը կարդալու նպատակով», - ասաց նա։

Շարժման համակարգողը հայտարարեց, որ վաղը` ժամը 16:00-ին, նույն վայրում մեծ հանրահավաք է անցկացվելու: Նա հորդորեց, որ բոլոր քաղաքացիները վաղն առավոտյան գնան խորհրդարանի մոտ։ Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց աշխատանքի գնալու փոխարեն բողոքի ակցիայի գնան։

Ընդդիմությունն անցել է ակտիվ գործողությունների. մարտի 9-ի ամենավառ կադրերը

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ելույթ ունեցավ Բաղրամյան պողոտայում և հրահանգեց շրջափակել ԱԺ–ի բոլոր մուտքերն ու պատգամավորներին թույլ չտալ ելումուտ անել։ «Նրանցից մեզ պետք է միայն մեկ աշխատանք։ Հավաքվեք ու պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,– ասաց Մանուկյանը։

Նա հայտարարեց, որ ընդդիմությունը վրաններ կտեղադրի նաև ԱԺ մյուս մուտքերի մոտ ու խորհրդարանը շրջափակման մեջ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը չի կատարել իրենց պահանջը։

Մանուկյանի այս հայտարարութունից հետո հավաքվածները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոց` փորձելով փակել խորհրդարանի մուտքը։ Բայց ոստիկանները թույլ չտվեցին դա անել ու սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև բախումներ ու հրմշտոց սկսվեց։

Նշենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` շեշտելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ընդդիմադիրները խորհրդարանի շենքի ծառայողական մուտքի մոտ 2 մեծ վրան են տեղադրել. տեսանյութ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: