ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել` նշելով, որ այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է:

«Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և ՀՀ նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է»,– նշված է հայտարարության մեջ։

Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին:

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

ՀՀ նախագահի աշխատակազմը պատասխանել է Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հարցմանը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: