«Պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից». ինչ քայլ է ձեռնարկելու Վազգեն Մանուկյանի պաշտպանը

Վազգեն Մանուկյանի պաշտպանը վստահեցնում է, որ պաշտպանյալի հանդեպ հարուցված գործը Քրեական օրենսգրքի հետ առհասարակ առնչություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. «Հայրենիքի փրկության շաժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պաշտպանը միջնորդելու է, որպեսզի կարճվի Մանուկյանի դեմ հարուցված քրգործը։ Փաստաբան Արամ Վարդևանյանն այդ մասին գրառում է կատարել Facebook–ի իր էջում։

«Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի Քրեական օրենսգրքի հետ առհասարակ»,–գրել է նա` հավելելով, որ զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնի:

Վարդևանյանը նշել է նաև, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ:

Այստեղ նաև քաղաքական տարր կա. քաղտեխնոլոգը` Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ հարուցելու մասին

Հիշեցնենք, որ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որում նշված է, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ատելության խոսքը պետք է բացառել. Փաշինյանը պնդում է, որ իր գրառման մեջ բռնության կոչ չկա