ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Երևանի Դեմիրճյան փողոցում ընդդիմադիր պատգամավորները կանգնել են ոստիկանների ու ընդդիմության կողմնակիցների միջև, որպեսզի կանխեն բախումները:
«Մենք մեր գործընկերների հետ որոշել ենք կանգնել նրանց միջև, որպեսզի արյունահեղություն թույլ չտանք», – ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրան են միացել նաև խմբակցության անդամներ Արման Աբովյանը և Միքայել Մելքումյանը։ Այնտեղ են նաև ՀՀԿ ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանն ու Էդուարդ Շարմազանովը: Իսկ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը ընդդիմադիրների շարքերից է հետևում իրադարձությունների զարգացմանը։
Ցուցարարները նաև ցանկանում են աղբամաններով բարիկադներ կառուցել։ Նրանք արդեն մի քանի աղբաման են տեղադրել ոստիկանների դիմաց։
Ոստիկանական զորքերի կենտրոնացում է նկատվում։
Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ելույթ ունեցավ Բաղրամյան պողոտայում և հրահանգեց շրջափակել ԱԺ–ի բոլոր մուտքերն ու պատգամավորներին թույլ չտալ ելումուտ անել։ «Նրանցից մեզ պետք է միայն մեկ աշխատանք։ Հավաքվեք ու պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,– ասաց Մանուկյանը։
Նա հայտարարեց, որ ընդդիմությունը վրաններ կտեղադրի նաև ԱԺ մյուս մուտքերի մոտ ու խորհրդարանը շրջափակման մեջ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը չի կատարել իրենց պահանջը։
Մանուկյանի այս հայտարարութունից հետո հավաքվածները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոց` փորձելով փակել խորհրդարանի մուտքը։ Բայց ոստիկանները թույլ չտվեցին դա անել ու սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև բախումներ ու հրմշտոց սկսվեց։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Այսօր` մարտի 9–ին, լրանում է օրենքով սահմանված ժամկետը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը, կա՛մ վարչապետի առաջարկի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմի ՍԴ։