Կրկնակի թանկ է տղամարդկանց սննդից․ ի՞նչ պետք է ուտեն կանայք առողջ լինելու համար

Ընդհանուր առողջության համար կարևոր են այն ճարպաթթուները, որոնցով հարուստ են ծովային ձկները։ Դրանք նպաստում են հորմոնների նորմալ սինթեզին, պահպանում են մաշկի և մազերի առողջությունն ու երիտասարդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Փորձագետները թվարկել են կանանց առողջության պահպանման համար մթերքի լավագույն տեսակները և նկատել, որ կանանց առողջությանը նպաստող սննդային զամբյուղի միջին արժեքն ավելի քան կրկնակի թանկ է, քան տղամարդկանց առողջությանը նպաստող օգտակար մթերքի տեսակներինը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են «СберЗдоровье» և «СберМаркет» ծառայությունների ներկայացուցիչները։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Նրանց խոսքով` այն կանայք, որոնք ուզում են պահպանել և բարելավել իրենց առողջությունը, պետք է իրենց սննդակարգում ներառեն մեծ քանակության երկաթ, լեցիտին, բջջանյութ և յոդ պարունակող, ինչպես նաև С և Е վիտամիններով հարուստ մթերք։

«Կանանց սննդակարգում առանձնահատկություններ կան՝ նրանք որոշակի վիտամինների և հանքանյութերի կարիք ունեն։ Հարկավոր է երկաթով հարուստ մթերք օգտագործել։ Դրանք կանխարգելում են անեմիայի զարգացումը և պահպանում սրտանոթային համակարգի աշխատանքը»,-մեկնաբանել է «СберЗдоровье» ծառայության բժիշկ-դիետոլոգ Մարգարիտա Մակուխան։ Այդ մթերքների թվում են տավարի անյուղ միսը, հավի և տավարի լյարդը, կակաոն, սպիրուլինան, ոստրեները, ոսպը, ծովակաղամբն ու քունջութը։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Ընդհանուր առողջության համար կանանց հարկավոր են այնպիսի ճարպաթթուներ, որոնցով հարուստ են ծովային ձկները․ դրանք նպաստում են հորմոնների նորմալ սինթեզին, պահպանում են մաշկի և մազերի առողջությունն ու երիտասարդությունը։

Ֆեյխոան, ծովակաղամբը, կաղամարները, մանրածովախեցգետինները, որոնք բավականաչափ յոդ են պարունակում, բարելավում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները և օգնում են կանխել ուռուցքային պաթոլոգիաները։

Սպանախը, ծլած ցորենը, ցիտրուսային մրգերն ու հնդկաձավարը պարունակում են վիտամին С, որը հզոր հակաօքսիդանտ է։ Վիտամին Е–ն հատկապես հարկավոր է հղիության ժամանակ։ Ապագա մայրիկների սննդակարգում անպայման պետք է ֆոլիաթթու լինի, որն առկա է լյարդի, սպանախի, հնդկական ընկույզի, պնդուկի, յուղոտ կաթնաշոռի մեջ։

Կարկադեի օգուտն ու վնասը․ ինչպե՞ս է մարդու օրգանիզմի վրա ազդում կարմիր թեյը