Իշխան Սաղաթելյանը Նիկոլ Փաշինյանին մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ տվեց

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել ԱԺ մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայրենիքի փրկության շարժում համակարգող Իշխան Սաղաթելյանն ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Առավոտյան խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև նրանք այլևս անելիք չունեն։ Այս խորհրդարանի շենք պետք է մտնի միայն մեր ուզած ու թելադրած օրակարգով քաղաքական մեծամասնությունը»,- ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ու գործընկերները կենդանի պատ են կազմել ոստիկանների ու ակտիվիստների միջև

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նա մինչև վաղը ժամը 12-ը ժամանակ է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա գա ԱԺ ու հրաժարական ներկայացնի։

«Միայն այդ դեպքում մենք կգնանք ընտրությունների», – ասաց նա։

Քաղաքացիներն արդեն մի քանի ժամ է`շրջափակել են Ազգային ժողովի շենքը, այս պահին նրանք Դեմիրճյանի փողոցում են հավաքված: Ժողովուրդն ի պատասխան պատ կազմած ոստիկանների, վանկարկում է «Նիկոլ դավաճան»:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Ընդդիմադիրները խորհրդարանի շենքի ծառայողական մուտքի մոտ 2 մեծ վրան են տեղադրել. տեսանյութ

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր` մարտի 9–ին, լրանում է օրենքով սահմանված ժամկետը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կա՛մ պետք է ստորագրի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը, կա՛մ վարչապետի առաջարկի սահմանադրականությունը վիճարկելու հարցով դիմի ՍԴ։