ՌԱԴԻՈ

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում միգրացիոն համակարգում. պարզաբանում է ծառայության պետը

Ի՞նչ խնդիր կլուծի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծումը, ի՞նչ է փոխվելու ծառայության կարգավիճակում, և երբվանի՞ց այն կմտնի ուժի մեջ. նախատեսվող փոփոխությունների մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։
Sputnik
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում միգրացիոն համակարգում. պարզաբանում է ծառայության պետը

Ձևավորվելիք ՆԳՆ համակարգում անձնագրային վարչության և միգրացիոն ծառայության գործառույթները միավորելով` զգալի կբարձրանա միգրացիայի կառավարման արդյունավետությունը, և գործառույթների բաշխումը կիրականացվի պետական մարմնի շրջանակում` ըստ նպատակային նշանակության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում

«ՆԳՆ ձևավորումը և միգրացիայի և քաղաքացիական հարցերի ծառայության ձևավորումը միգրացիայի ոլորտի թերևս ամենամասշտաբային փոփոխությունն է։ Դրանցով սահմանվում են, թե ինչ գործառույթներ են իրականացվում միգրացիոն ծառայության կողմից և ինչ գործառույթներ պետք է իրականացվեն միգրացիայի կառավարմամբ զբաղվող մարմնի կողմից»,-ասաց նա։

Ղազարյանի խոսքով` ծառայությունը ներկայումս իրականացնում է բազմաթիվ գործառույթներ, որոնք միգրացիայի կառավարմամբ զբաղվող մարմինը չպետք է իրականացնի։ 

«Հիմա մենք ունենք ոչ ստանդարտ և ոչ ճիշտ իրավիճակ, երբ միգրացիոն ծառայությունը, որն ըստ էության պետք է իրականացներ միգրացիոն քաղաքականությունը նաև զբաղվում է միգրացիոն քաղաքականության մշակմամբ, մինչդեռ օրենքը նախատեսում է, որ քաղաքականությունները պետք է մշակեն նախարարությունները»,- նշեց միգրացիոն ծառայության պետը։

Բացի այդ, ծառայությունը ներկայումս իրականացնում է նաև մի շարք սոցիալական գործառույթներ, ինչը, ըստ Ղազարյանի, որևէ առնչություն չունի միգրացիայի կառավարման հետ։

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: