ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հարցմանը` շեշտելով, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայեցողության շրջանակում։
Զոհրաբյանը նախագահի աշխատակազմի պատասխանը հրապարակել է Facebook–ի իր էջում։
«Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում է»,– նշել են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Փաստաբանների պալատի նախագահը նշել է` ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
«Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,– գրել է նա:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: