Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` սա ամբողջովին նոր պաշտոն է, գուցե ստեղծվել է վերջին օրերին, հանրությունից գաղտնի։ Ըստ նրա` երբեք նման պաշտոնի հիշատակում չի եղել, փոխարենը Պաշտպանության նախարարությունում կա պաշտոն, որը կոչվում է հատուկ հանձնարարություններով գեներալ։
«Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա փորձեցի Գլխավոր շտաբում գտնել նման պաշտոն, սակայն չգտա, նման բան ուղղակի չկա, սա ըստ էության նորաստեղծ պաշտոն է։ Երկրորդ հարցն այն է, թե ինչո՞ւ է այդ պաշտոնի հրամանագիրը ստորագրել Վաղարշակ Հարությունյանը, որովհետև ԳՇ-ում նման բարձրաստիճան սպայի նշանակման վերաբերյալ պաշտպանության նախարարը հրաման տալու իրավասություն չունի։ Իրավաբաններն ավելի ստույգ կասեն, բայց ինձ համար սա ինչ-որ անհասկանալի իրավիճակ է»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` սա Նիկոլ Փաշինյանի կողմից փորձ է ԳՇ–ում ստեղծել երկիշխանություն, ինչը վկայում է այն մասին, որ արդեն Փաշինյանն էլ գիտի, որ ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին իր հրամանն իրավական ուժ չունի, և դրա համար էլ սկսել են դիմել նման քայլերի։
«Ժամանակին որևէ լուրջ պետական հերքում կամ պատճառաբանություն չտեսա, թե ինչու պաշտոնանկ արեցին Արտակ Դավթյանին և չեմ բացառում, նույնիսկ շատ հավանական եմ համարում, որ հենց նրա տղայի հարսանիքի պատմությունն էր պատճառ դարձել Նիկոլ Փաշինյանի հերթական իմպուլսիվ որոշման համար»,– նշեց ռազմական փորձագետը։
Ինչ վերաբերում է կոնկրետ Արտակ Դավթյանին, ապա Վրթանեսյանն ընդգծեց, որ որպես զինվորական նրա մասին վատ բան չի լսել։ Նա երկար տարիներ եղել է օպերատիվ վարչության ղեկավարը, իսկ դա ԳՇ–ում օպերացիաների մշակման միջուկն է, այդ կառույցի սիրտը։ Հետևաբար Վրթանեսյանը մասնագիտական առումով այստեղ խնդիր չի տեսնում, ուղղակի հարցն այն է, որ իշխանությունն, ըստ նրա, հասկանալով, որ կորցնում է վերահսկողությունը տարբեր կառույցների նկատմամբ, փորձում է տարբեր գեներալներին հանել իրար դեմ, կատարում է անօրինական քայլեր։ Փորձագետի համոզմամբ` իշխանությունը մանիպուլյացիաների դիմելով որևէ բանի չի հասնի, որովհետև ԶՈւ ԳՇ բոլոր գեներալներն իրենց դիրքորոշումը հստակ ներկայացրել են, հետևաբար նրանց պառակտելու հույսերը սին են։
Ե՞րբ կհայտարարվի ԳՇ պետի պաշտոնանկության մասին. իրավաբանների հաշվարկները տարբեր են
Տեղեկացնենք, որ այսօր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա:
Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը։