ՌԱԴԻՈ

Ֆիզուլիի օդակայանից հնարավոր է` օգտվի նաև ՆԱՏՕ–ն հակառուսական և հակաիրանական նպատակներով

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կառուցելու խնդրին և այդ համատեքստում ադրբեջանցիների մտադրություններին։
Sputnik
Ֆիզուլիի օդակայանից հնարավոր է` օգտվի նաև ՆԱՏՕ–ն հակառուսական և հակաիրանական նպատակներով

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` գործ ունենք չափազանց կարևոր տեղանքի հետ, քանի որ Վարանդան, նույն Ֆիզուլին, աշխարհաքաղաքական առումով ունի կենսական նշանակություն։ Դեռևս 19-րդ դարի սկզբին ռուսական կայսրությունն Իրանից նվաճած տվյալ տարածքում կառուցել էր ամրակետ և այնտեղ տեղակայել որոշակի թվով ռուս ազգաբնակչություն։ 

«Այդտեղ օդանավակայանի կառուցումը կարևորվում է` հաշվի առնելով ոչ միայն ադրբեջանցիների քաղաքացիական պահանջները, այլև տարածքի ռազմաքաղաքական դիրքը պետությունն ուժեղացնելու տեսանկյունից։ Հետևաբար, Բաքվի բռնապետն իր փետրվարյան վերջին հայտարարություններից մեկում ուղղակիորեն նշեց, որ օդանավակայանի թռիչքուղին ընդունակ է լինելու ընդունել նաև ամենածանր բեռնատար ինքնաթիռներ»,– ասաց իրանագետը։

Ալիևը կնոջ հետ Շուշի է այցելել. նա սկիզբ է դրել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությանը

Ոսկանյանի կարծիքով`  նախնական հայտարարությունները վկայում են այն մասին, որ թեև օդանավակայանը կառուցվում է այցելուների հոսքը դեպի Շուշի հեշտացնելու համար, սակայն ակնհայտ է, որ բեռնատար ծանր ինքնաթիռները դեպի Շուշի տուրիստական այցերի նպատակով չեն օգտագործվելու։ Ըստ նրա` գործ ունենք մի ենթակառուցվածքի հետ, որը նախևառաջ ունի ռազմական նշանակություն և կարող է վերածվել օդային ռազմակայանի, որը կօգտագործվի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։ 

«Պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք, Թուրքիան մեր տարածաշրջանում, ըստ էության, հանդես է գալիս ինքնուրույն, բայց որոշ դեպքերում ընկալվում է որպես ՆԱՏՕ–ի օպերատոր երկիր, հետևաբար չի բացառվում, որ օդանավակայանի հնարավորություններից կարող է օգտվել նաև ՆԱՏՕ–ն` հակառուսական ու հակաիրանական նպատակներով»,– նշեց իրանագետը։ 

Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել են ականի վրա. նրանցից մեկը մահացել է

Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց և այն իրողության վրա, որ Ադրբեջանում առկա է իսրայելական ներկայություն, հետևաբար Իրանի սահմանների մոտ նման ենթակառուցվածքի կառուցումն ու գոյությունը չի կարող աննկատ մնալ Իսրայելի կողմից ու ամենայն հավանականությամբ կօգտագործվի այդ երկրի զինված ուժերի կողմից հակաիրանական գործողությունների ընթացքում։ Ըստ նրա` Ֆիզուլիի օդակայանի գոյությունը ոչ միայն պետք է անհանգստացնի Հայաստանին ու Արցախին, այլև մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող այնպիսի խոշոր խաղացողներին, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը։ Ուստի Հայաստանն այս հարցում պետք է գործակցի դաշնակից ՌԴ–ի ու բարեկամ Իրանի հետ։