ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում է քննել պատգամավոր Արման Բաբաջանյանի պահվածքը։
Այդ պահանջով նա այսօր` մարտի 9-ին, դիմել է ԱԺ նախագահին` Բաբաջանյանի վարքը քննելու համար էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով։
Հիշեցնենք, որ ԱԺ մարտի 3-ի նիստում, Վերաքննիչ դատարանի դատավորների ներկայացման ժամանակ ԲԴԽ նախագահի հետ պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում, անկախ պատգամավոր Արման Բաբաջնայանը, դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին, ասել էր. «Այս արհավիրքը (նկատի ունենալով Վարդազարյանին) դուք եք բերել դատական համակարգ։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս մարդու ոչ թե վաստակն ա դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է էղել, անհասկանալի պատճառով, Վանեցյանի առաջադրմամբ, էս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»։
Վարդազարյանը Բաբաջանյանին զգուշացրել էր. «Ձեր այս վիրավորական արտահայտությունները հետևանք են ունենալու։ Ես խնդրելու եմ, որ Ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության Ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար»։
Նշենք, որ 2 օր շարունակ Վարդազարյանը պատասխանում էր ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին նոյեմբերի 15-ին նրա հրապարակած հայտարարությանը։
ԲԴԽ նախագահը Արման Բաբաջանյանին խոստացավ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով պատասխանել
Հիշեցնենք նաև, որ Վարդազարյանը նոյեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին` հորդորելով զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից. «Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։
ԲԴԽ նախագահը հիշեցրել էր, որ պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուր դատավոր Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ երդվում է դատավորի պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը: