Արցախի նախագահի աշխատակազմը արագ արձագանքման թեժ գիծ է գործարկել

Թեժ գծին հնարավոր է զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00–ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik.Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը գործարկել է արագ արձագանքման թեժ գիծ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահների գործարկած անհետ կորածների «թեժ գծին» 574 դիմում է ստացվել

«Թեժ գիծը`119 կարճ հեռախոսահամարով, քաղաքացիների ու Արցախի այցելուների հետ հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նրանց հարցերին, առաջարկություններին, պահանջներին ու բողոքներին առավել գործուն կերպով արձագանքելու նպատակով»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով գործող թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերի, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով, որոնց ի պատասխան ԱՀ նախագահի աշխատակազմի վերապատրաստված աշխատակիցները, աշխատակազմի լիազորությունների շրջանակներում, կիրականացնեն իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:

Երևան–Բաքու թեժ գիծ և ոչ միայն. ի՞նչ է առաջարկում ՌԴ–ն հրադադարի ռեժիմի պահպանման համար

«Թեժ գծին հնարավոր է զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 - 18:00–ը, Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ հեռախոսահամարով: