Անհանգստացնող խնդիրը հայ գերիների վերադարձն է. Բադասյանը հանդիպել է Յոկո Կամիկավային

ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ճապաոնիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավային։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ճապոնացի պաշտոնակցին Կոնգրեսին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության համար։ Նա բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ճապոնիայի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաև Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնությունը։

Բադասյանը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման կոնգրեսին ներկայացրել է գերիների խնդիրը

Հայաստանի արդարադատության նախարարը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։

«Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Բադասյանը:

Նախարար Կամիկավան իր հերթին շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին նախարար Բադասյանի ղեկավարած պատվիրակության մասնակցության համար։ Կամիկավան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու այն։

ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն

Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում հաստատված Կիոտոյի հռչակագիրը պետությունների համար կլինի իրավունքի գերակայությունն ամրապնդող ուղենիշը և հավաստիացրել, որ, որպես Կոնգրեսը նախագահող երկիր, Ճապոնիան շարունակելու է նպաստել իրավունքի գերակայության արմատավորմանը։

Նշենք, որ Ռուստամ Բադասյանը մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։