Անանիա Շիրակացի․ իր ժամանակից հազար տարի առաջ անցած գիտնականը

Հայ մեծ գիտնականը տիրապետում էր այնպիսի գիտելիքների, որոնց համար դարեր անց մահապատժի ենթարկվեց Ջորդանո Բրունոն և որոնցից հրաժարվեց Գալիլեյը։ Շիրակացու ֆենոմենի մասին պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Պետրոսյանը։
Sputnik

«Անցյալի հիշողությունը պահապան աշտարակ է, որից լավ է երևում ապագան»

Եղիշե, 5-րդ դարի պատմիչ

Կոպեռնիկոսից և նոր հելիոցենտրիկ համակարգից 9 դար առաջ 7-րդ դարի մեծագույն հայ գիտնական, մաթեմատիկոս, աշխարհագրագետ և աստղագետ Անանիա Շիրակացին գրել է Երկրի գնդաձևության մասին։ Նա, ինչպես և հին եգիպտացիները, այն համեմատում էր ձվի հետ, որտեղ դեղնուցը բուն Երկիրն է, որը գնդի ձև ունի, իսկ սպիտակուցը՝ շրջապատող մթնոլորտը։ Դեռևս աստղադիտակի հայտնագործումից առաջ նա պնդում էր, որ Ծիր Կաթինը աստղերի կուտակում է։

Երկրի բնակիչներն իրենք կկործանեն իրենց մոլորակը, կամ ինչու չեն գալիս այլմոլորակայինները

Շիրակացին գրել էր, որ Լուսնի լույսը արևի լույսի անդրադարձն է, և աղյուսակ էր կազմել ամբողջ 19 տարվա լուսնային ցիկլի համար։

Շիրակացին ոչ միայն գրքեր էր գրում, այլև, ինչպես այն ժամանակների մեծագույն մտածողները, նաև դասավանդում էր։ 7-րդ դարում, երբ ժամանակի կրթված մարդկանց մեծամասնությունը կարծում էր, թե Երկիրը նստած է հսկայական փղերի, կետերի կամ կրիաների մեջքին, նրա դասերի ընթացքում աշակերտները տեղեկանում էին Երկրի և այլ երկնային մարմինների գնդաձևության մասին։

Որքան էլ զարմանալի է, բայց արդեն այն ժամանակ ասվում էր, որ մեր մոլորակը կախված է տարածության մեջ և պահվում է երկու հակառակ ուղղություններով փոխազդող ուժերով, որոնք հավասարակշռում են միմյանց։ Այսինքն՝ ծանրության ուժը Շիրակացին հավասարակշռում էր ներքևից փչող քամիով։ Դա ամենատրամաբանական տեսությունն էր՝ Նյուտոնից և նրա համաշխարհային ձգողականության օրենքից առաջ։ Բայց 7-րդ դարում դժվար էր աշխարհում այնպիսի տեղ գտնել, որտեղ մարդը կարող էր այնպիսի գիտելիքներ ստանալ, որպիսիք տալիս էին Շիրակացու դպրոցում։

Գիտնականներին ապշեցրել է Լուսնի վրա հայտնված քարե սյունը. լուսանկարներ

Ավելի քան մեկուկես հազար տարի համարվում էր, որ Երկիրը տիեզերքի կենտրոնն է, և բոլոր երկնային մարմինները Արևի հետ պտտվում են Երկրի շուրջը։ Միայն 16-րդ դարում լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը ներկայացրեց նոր համակարգ, որտեղ կենտրոնում Արևն է, իսկ բոլոր մոլորակները պտտվում են նրա շուրջը։

Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը

1633 թվականին Հռոմում տեղի ունեցավ Գալիլեյի դատը։ Վերածննդի դարաշրջանի մեծագույն գիտնականին դատում էին Կոպեռնիկոսի գաղափարներին նվիրված լինելու և նրա հելիոցենտրիկ համակարգը քարոզելու համար։ Արդեն ծեր Գալիլեյին սպառնում էր Ջորդանո Բրունոյի մահապատիժը․ վերջինիս խարույկի վրա այրել էին Գալիլեյի դատից 33 տարի առաջ։ Սակայն Գալիլեյը խուսափեց դատավճռից՝ հրաժարվելով իր գիտական հայացքներից։ Բայց պարզվում է, որ դրանից դեռ հազար տարի առաջ նմանատիպ գաղափարներ և գիտելիքներ էին դասավանդվում հին Հայաստանի համալսարաններում։

Հայերը Շիրակացուն համարում են մեծագույն միջնադարյան գիտնականներից մեկը։ Նրան արժանի կերպով համարում են Հայաստանում ճշգրիտ գիտությունների հայրը։ Նա հեղինակել է «Տիեզերագիտություն», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Թվաբանության մասին» աշխատությունները։ Մեզ հայտնի առաջին թվաբանության դասագրքերը Եվրոպայում հայտնվել են միայն 15-րդ դարում։ Բայց աշխարհի ամենաառաջին դասագիրքը 7-րդ դարում ստեղծել է նույն Անանիա Շիրակացին, չնայած այսօր այդ մասին քչերը գիտեն։

Էլի վատ չէ. հայ գիտնականներն ԱԹՍ–ից «չվախեցող» ներկ են ստեղծել

Մինչև վերջերս հայտնի էին միայն աշխարհագրության մասին նրա աշխատությունները, առաջին հերթին՝ «Աշխարհացույցը»։ Ընդ որում` այդ հնագույն աշխատության մեջ էլ բավական շատ զարմանալի բան կա։ Օրինակ՝ Կոլոմբոսից 8 դար առաջ խոսվում էր, որ Երկրի հակառակ կողմում մարդիկ են ապրում։ Անանիան վիճարկում էր նաև այն ժամանակների փիլիսոփաների շրջանում տարածված այն կարծիքը, թե Լուսինն իր ծովերն ունի։ Դրա փոխարեն նա սովորեցնում էր, որ Լուսնի գորշ բծերը երևում են նրա մակերևույթի անհարթությունների պատճառով, քանի որ այնտեղ լույսը կլանող հատվածներ կան։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

7-րդ դարի այդ զարմանալի մտածողը նաև նշում էր արևի և լուսնի խավարման ճիշտ պատճառները։ Արևմտյան փորձարարական գիտությունից դեռ 1000 տարի առաջ Շիրակացին գրում էր․ «Առանց ուսումնասիրության անհնար է թափանցել իրերի էության մեջ և առանց դրանց էությունն իմանալու անհնար է ուսումնասիրություն իրականացնել»։ Չափազանց շատ չե՞ն արդյոք զարմանահրաշ արդյունքները մեկ, թեկուզ և մեծագույն մտածողի համար։

Եվ որտեղի՞ց կարող էր միջնադարյան մարդն այդպիսի գիտելիքներ ստանալ, որոնք մի քանի դար առաջ էին անցնում նրա ժամանակից և որոնք այդքան շռայլորեն տարածում էր Շիրակացին։

4-րդ դարի սկզբին Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը։ Դա տեղի ունեցավ 301թ․-ին Կոնստանտին Առաջինի՝ դավանանքի ազատության մասին հրովարտակից և Հռոմի քրիստոնեացումից (313թ․) մեկ տասնամյակ առաջ։

Ընդամենը մեկ դար անց՝ 405թ․-ին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց նոր այբուբենը, որից նրա սերունդները օգտվում են մինչ օրս։
Սակայն Մաշտոցի լուսավորչական գործունեությունը դրանով չէր սահմանափակվում։ Հակառակը` միայն սկսվում էր։ Շուտով նոր դպրոցներ հիմնվեցին Մեծ Հայքի բոլոր շրջաններում, որի տարածքը 5 անգամ մեծ էր ներկայիս Հայաստանի տարածքից։ Այդ դպրոցներում դասավանդում էին բոլոր նրանք, ում մինչ այդ գրագիտություն և գիտություններ էր սովորեցրել անձամբ Մեսրոպ Մաշտոցը։ Նրա ղեկավարությամբ ձևավորվեց նաև թարգմանիչների մի ամբողջ դպրոց։ Հենց այն ժամանակ, բացի աստվածաշնչյան տեքստերից, սկսեցին թարգմանել նաև ամբողջ անտիկ գիտական գրականությունը։

Մաշտոցն ինքը բազմաթիվ լեզուների էր տիրապետում և ամբողջ կյանքում անդադար աշխատում էր։ Իր լավագույն աշակերտներին նա սովորելու էր ուղարկում Եգիպտոս, Ալեքսանդրիա։ Շուտով Եգիպտոսում կրոնական մոլեռանդները ջարդեր սկսեցին, և Ալեքսանդրիայի գրադարանը, որտեղ հարյուրհազարավոր ձեռագրեր էին պահվում, հրդեհվեց, այնուհետև այն գրավեցին արաբները, որոնք ավարտին հասցրին ավերածությունները։ Հետագայում պարզվեց, որ մի շարք ձեռագրեր փրկվել են և պահպանվել Հայաստանում։ Դրանց մեծ մասը գրաբար է թարգմանվել։

Իսկական հեղաշրջում բժշկության ոլորտում. ինչպես հայ պրոֆեսորի գյուտը փոխեց աշխարհը

Հնարավոր է` դա մասամբ բացատրում է այն գիտելիքների առկայությունը, որոնք դասավանդում էր Անանիա Շիրակացին․ նա ինքը կարող էր դրանք ստանալ վերոհիշյալ աղբյուրներից։ Ամենայն հավանականությամբ, նա օգտվել է հին եգիպտական աղբյուրների հայերեն թարգմանություններից։ Նշանակում է, որ դա բնավ էլ պատահականություն չի եղել, այլ տեղավորվում է Անտիկ դարաշրջանից Միջնադարի անցման դարաշրջանում գիտելիքների պահպանման և փոխանցման ընդհանուր գործընթացի տրամաբանության մեջ։

Մյուս կողմից հայտնի է, որ մեր նախնիները դեռևս նեոլիթի ժամանակաշրջանում գիտեին Երկրի գնդաձևության մասին, ինչը վկայում են Մեծամոր քաղաքից ոչ հեռու, ատոմակայանի շրջակայքում հնագույն բնակավայրի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները։

Այդ բնակավայրը թվագրվում է մ.թ.ա 5-րդ դարով, երբ Հին Եգիպտոսն անգամ միավորված չէր։ Ստացվում է, որ Շիրակացին կարող էր իր գիտելիքները ստանալ ոչ միայն թարգմանություններից, այլև Հայաստանի հնագույն աստղագիտական ավանդույթից, որը, ըստ Քարահունջում կատարված վերջին ուսումնասիրությունների, ավելի քան 30 հազար տարեկան է։

Հին հայկական քաղաքակրթության տիեզերագիտության մասին մեր գիտելիքները լիարժեք չեն, և մենք, ըստ ամենայնի, դեռ բազմաթիվ զարմանահրաշ բաներ ունենք բացահայտելու։