ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF–ի ներկայացուցիչ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի մշտական համակարգողը ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:
Հիշեցնենք` երեկ` մարտի 8–ին հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ նա ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:
Mediaport Telegram ալիքի տեղեկություններով` հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:
Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանը երեխաներին պաշտպանելու համար պատրաստ է «ծայրահեղ միջոցների». տեսանյութ