Արդեն ուրվագծվում էր մեր ապագա համագործակցությունը. Սարգսյանը ցավակցել է Դասոյի ընտանիքին

ՀՀ նախագահը հայտնել է, որ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած Օլիվիե Դասոյի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ են զրուցել նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Օլիվիե Դասոյի եռանդուն աջակցությամբ էին «Dassault Group»-ի կազմի մեջ մտնող՝ «Dassault systemes» ընկերության ներկայացուցիչներն այցելել Հայաստան, և արդեն իսկ ուրվագծվում էր ապագա համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին` նշելով, որ խոր ցավ է ապրել՝ տեղեկանալով իր բարեկամ, ֆրանսիացի քաղաքական գործիչ և գործարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի անժամանակ մահվան մասին։

ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել

«Օլիվիե Դասոն ոչ միայն տեխնոլոգիաների մեծ մասնագետ էր և բիզնեսի հմուտ կազմակերպիչ, այլև արվեստագետ, որի համար լուսանկարչությունը սովորական հոբբի չէր: Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Նրա հետ մեր բազմաթիվ հանդիպումների ժամանակ հաճախ էինք զրուցում նաև Հայաստանի հետ համագործակցության, իրականացվելիք հնարավոր նախագծերի մասին: Այդ թեմայով մենք քննարկում ունեցանք նաև նրա հայաստանյան այցի ժամանակ»,–իր ցավակցական ուղերձում գրել է նախագահը։

Սարգսյանի խոսքով` Դասոյի մահը մեծ կորուստ է ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային գործարար և քաղաքական շրջանակների համար։ Նա իր անկեղծ ցավակցությունն է հղել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ իր արժանի զավակի մեծ կորստի կապակցությամբ։

Հիշեցնենք` ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է Նորմանդիայում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, մասնավոր ուղղաթիռի կործանման պատճառով։