Արցախի ՊԲ 124 սպաներ հայտարարություն են տարածել` աջակցելով Օնիկ Գասպարյանին

Պաշտպանության բանակի սպաները խնդրում և միջնորդում են, որ գեներալ-գնդապետը շարունակի ծառայություն մատուցել հայրենիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի 124 սպաները հայտարարություն են տարածել ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։ Տեղեկությունը հայտնում է aravot.am–ը։

«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»,– նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։