ՌԱԴԻՈ

Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպիսի առաջնահերթ քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը երկրում ապրանքների գնաճը զսպելու համար։ 
Sputnik
Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` առաջնահերթություն է նախևառաջ ոչ արդյունավետ, հատկապես կառավարման ապարատի վրա կատարվող ծախսերի սահմանափակումը, և երկրորդ` սոցիալապես խոցելի շերտերի համար անհրաժեշտ օժանդակության փաթեթների ավելացումը, հատկապես ընտանեկան նպաստներ ստացող մարդկանց տրամադրվող հատկացումների մասով, նաև սոցիալապես խոցելի մյուս շերտերի` փախստականների, Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքների, ինչպես նաև գործազուրկների սոցիալական օժանդակության ծրագրերի ավելացումը։

ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը

«Բայց, մեծ հաշվով, դա կարճաժամկետ, իրադրային լուծում է, իսկ երկարաժամկետ լուծումն, իհարկե, նոր աշխատատեղեր բացելուն, փոքր բիզնեսը խթանելուն միտված ծրագրերին եռանդուն կերպով օժանդակելն է, այսինքն` ֆինանսական ռեսուրսների հասանելիության մեծացումը թե՛ ուղղակի` սուբսիդավորման գործիքներով, և թե՛ անուղղակի միջոցներով` հարկային արտոնություններով։ Անհրաժեշտ է մեծացնել սկսնակ և ընտանեկան բիզնեսներին աջակցող ծրագրերի քանակը»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի գնահատմամբ` գործող կառավարությունն իր կեցվածքի ու գործողությունների մեջ բավականաչափ իներտ է, մի տեսակ շոկի մեջ է, դեռ ուշքի չի եկել պատերազմի հարվածներից և բոլոր ուղղություններում տնտեսական քաղաքականության առումով անորոշ վիճակ է` ռիսկերը մնում են։

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան

Տնտեսագետը կարծում է, որ հատկապես բյուջեի ծախսային հատվածում առաջնային պետք է լինի ռազմական կորսված պոտենցիալի վերականգնումը, ինչն, ըստ նրա, անհրաժեշտ է անել շատ արագ, ինչպես նաև ստեղծել ռեսուրսների լրացուցիչ աղբյուրներ։  

2020-ի դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ. թանկացումներ էլի են սպասվում

«Այդ ամենը գործող կառավարության ուժերից վեր է, մինչդեռ կարելի է ստեղծել հավելյալ ռեսուրսներ ստվերի հաղթահարման միջոցով։ Որոշ ոլորտներում, ինչպիսին օրինակ հանքարդյունաբերությունն է, պառլամենտական վերջին հանձնաժողովի զեկույցի համաձայն` ոչ մի մետաղական հանքավայր շահույթով չի աշխատել, ինչն աբսուրդ է։ Առաջին հայացքից հենց այդտեղ է երևակվում այն աղբյուրը, որի հնարավորություններն այս կաբինետը վաղուց պետք է բացահայտեր ու դներ շրջանառության մեջ»,– նշեց տնտեսագետը։

Մարգարյանի պնդմամբ` կառավարությունը դա չի արել և ցանկություն էլ չունի անելու, ուստի անհրաժեշտ են քաղաքական արմատական փոփոխություններ, ինչից հետո միայն կարելի է սկզբունքորեն լուծված տեսնել առկա խնդիրները։   

Տեղեկացնենք, որ Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թվականի փետրվարը` 2020 թվականի փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.6 տոկոս։ 

Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի

Վերջին 10 տարիների փետրվար ամսվա սպառողական գների ինդեքսի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականի փետրվարին արձանագրված գնաճը վերջին վեց ամսվա ընթացքում ամենաբարձրն է։