Վերջնաժամկետում կլսենք արձագանքը․ Բաղդասարյանը պատմել է ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

Բաղդասարյանի խոսքով՝ սահմանված ժամկետում Սահմանադրական դատարանում պետք է վիճարկվի ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից։

«ՀՀ նախագահը ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու մասով դեռ վերջնական պատասխան չի տվել։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը և ինձ թվում է, որ վերջնաժամկետում կլսենք նախագահի արձագանքը։ Խոստումներ չեն հնչել»,-ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով՝ նախագահին իրենց առաջարկն անփոփոխ է․ սահմանված ժամկետում Սահմանադրական դատարանում պետք է վիճարկվի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը։

Ժողովրդի կամքը, Սահմանադրությունն ու իրականությունը. ինչպե՞ս ազատվել այս իշխանությունից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Նշվում էր, որ հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում ձևավորվեց Հայրենիքի փրկության շարժումը, որը պարբերաբար հանրահավաքներ ու երթեր է կազմակերպում` պահանջելով, որ «կապիտուլյացիոն փաստաթուղթ» ստորագրած վարչապետ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ քաղաքացիներին

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: