ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչներն այս պահին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքից բողոքի երթ են սկսել դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, հաղորդում է Sputnik Գրուզիան:
Ցուցարարները պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։
«Մեր հիմնական պահանջը նախկինի պես մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց մենք պահանջում ենք նաև երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհապաղ հրաժարականը, որը այս սարսափի հեղինակներից մեկն է»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի համար առիթ է հանդիսացել ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում հնչած ձայնագրություն ՝ իբր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերայի և պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի մասնակցությամբ: Ձայնագրություններում, հեռուստաընկերության տվյալներով, խոսվում է Իվանիշվիլիի սոցիալական ցանցերի էջերում անցանկալի մեկնաբանություններ գրողների հետ հաշվեհարդարի մասին:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել 2021–ի փետրվարի 18-ին՝ իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Մի քանի օր անց Վրաստանի վարչապետ էր նշանակվել Իրակլի Ղարիբաշվիլին։