Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը

Տեղեկացվում է, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առա: Այն կատարել են մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:

Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան

Նշենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և Տելեգրամ–ալիքներ տեսանյութ էին տարածել և տեղեկացրել, որ Կապանում ադրբեջանցիներ են շրջում։

«Անհրաժեշտ է  կրկին ընդգծել, որ ինչպես նշված, այնպես էլ հարակից այլ հատվածներում ներկայումս շարունակաբար իրականացվում են համապատասխան ընթացիկ աշխատանքներ և յուրաքանչյուր առանձին դեպքով հանրային լարվածություններ ձևավորելուն միտված հրապարակումներն ու ոչ պաշտոնական վերլուծությունները անտեղի են և անթույլատրելի»,–ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ԱԱԾ–ն, իր խոսքով` հերթական տարաբնույթ շահարկումներից խուսափելու նպատակով և ի հավելումն 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված հայտարարության տեղեկացնում է նաև, որ հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից (իրենց տեղակայման վայրերում), ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում:

«Այս հատվածի վերաբերյալ ևս լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ իրականությանը չեն համապատասխանում»,–ասված է հայտարարության մեջ:

ՊՆ հերքում է․ Տավուշում ադրբեջանցիները սահմանի երկայնքով չափագրումներ չեն անում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, որ սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է և ազգաբնակչությանը կրկին հորդորում են տուրք չտալ ստահոդ աղբյուրների կողմից փոխանցվող տեղեկություններին՝ զերծ մնալով նաև վերջիններիս տարածումից: