Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին․ Մարուքյան

Մարուքյանի խոսքով՝այս պայմաններում իրենց առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է իրենց համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի– Sputnik. Հայաստանին օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է` զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու համաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված»,-գրել է Մարուքյանը։

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի

Նա ընդգծել է, որ ըստ Սահմանադրության  92-րդ հոդվածի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի արձակումից 30-45 օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ ապրիլի 25-ը այն օրն է, երբ ամենասեղմ ժամկետում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար: Այս պայմաններում առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է մեզ համար»,-շեշտել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

Այսօր էլ Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից և ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պարտվելու են արտահերթ ընտրություններում։