Եթե նախագահը ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքից հետո երթ սկսեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Այս իշխանությունը շատ թույլ է և սարսափելի վտանգավոր երկրի համար։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ նման կարծիք հայտնեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել

«Մեր երկրում պետք է ընտրություններ լինեն, և սա մենք ենք ասում։ Սակայն դրանք չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։ Ո՞նց կարող են ընտրություններ լինել ոստիկանական պետությունում, քանի որ մենք արդեն ոչ թե ժողովրդավարական, այլ ոստիկանական պետություն ենք. Փաշինյանը հիմա միայն ոստիկանության միջոցով է պահում պետությունը»,–ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով` 1995-ից ընտրությունների կազմակերպման դառը փորձ ունենք, սակայն այս անգամ «մաքուր ընտրություններ» պիտի կազմակերպեն։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` ԳՇ պետի աշխատանքից ազատման դիմումը ՍԴ չուղարկելուն` Մանուկյանը նշեց, որ դա նախագահի պարտականությունն է։

«Վաղը մենք Սարգսյանին կհանդիպենք ու կհամոզենք, բայց ինչքա՞ն կարելի է։ Ո՞նց կարելի է րոպեն մեկ հանդիպել ինչ–որ պաշտոնյաների ու համոզել, որ իրենց պարտքը կատարեն։ Եթե նախագահը չկատարի իր պարտքը և ՍԴ չդիմի, Շուշիի անկումն իր խղճի վրա է»,–ասաց նա։

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում հավաքված ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները Վազգեն Մանուկյանի խոսքից հետո երթ սկսեցին։

Ինչպեսարդեն հայտնել ենք` այսօր ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց` վաղը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների հետ հանդիպում է խնդրել։

Ըստ իրավաբանների` նախագահը մինչև մարտի ինը կա՛մ պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկությունը, կա՛մ ՍԴ դիմի։

Եթե նախագահը ստորագրի դիմումը, ԳՇ պետը կարող է Վարչական դատարան դիմել. Հովհաննիսյան

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: