Եթե նախագահը ստորագրի դիմումը, ԳՇ պետը կարող է Վարչական դատարան դիմել. Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու դիմումն արդեն պետք է Սահմանադրական դատարանում լիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված թնջուկի իրավական ճանապարհները մի քանիսն են։ Ավելին, եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի վարչապետի` Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշումը և այն ՍԴ չուղարկի, ապա վերջինս իրավունք ունի Վարչական դատարանում բողոքարկելու այդ որոշումը։ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Թե ինչ կորոշի Օնիկ Գասպարյանը, ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ թնջուկը չի հանգուցալուծվել։ Եթե մեկնաբանեմ նախագահ Արմեն Աարգսյանի քայլերը, ապա շատ կոշտ մեկնաբանություն է հնչելու։ Ավելին, ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի` աշխատանքից ազատման դիմումն արդեն պետք է Սահմանադրական դատարանում լիներ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ եթե նախագահի` Գասպարյանին առնչվող փաստաթղթի ստորագրել–չստորագրելու հարցը մեկնաբանի վարչապետի դիրքերից, ապա այդտեղ կարող է լինել ցանկացած բան` սպառնալիք, քաղաքացիության թղթի շահարկում, արցունքներ, քաղաքական առևտուր:

«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են

Հիշեցնենք, որ արդեն իսկ նման նախադեպ կա` ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Մինչ այդ` 2021թ. փետրվարի 24-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

«Հասնելու ենք հաղթանակի». Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը