ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի և Իրանի երկկողմ օրակարգի շուրջ այսօր ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։ Բացի այդ, վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։
Մենք տնտեսական առումով լուրջ կախվածություն ունենք Իրանից. իրանագետը` Զարիֆի այցի մասին
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Զարիֆն այցելել էր Հայաստան։ Նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զարիֆն ընդգծել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային ճգնաժամի վերաբերյալ հետևյալն է. միջազգային իրավունքի պահպանում, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը։
Ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ. Փաշինյանն ընդունել է Զարիֆին